Հայաստանի համար ամենակարևորն անվտանգությունն է: Այս մասին ինչպես հայտնում է News.am-ը, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ ասում եմ՝ անվտանգություն, նկատի չունեմ միայն տեսանելի հակառակորդը՝ Թուրքիան, Ադրբեջանը, այլ նկատի ունեմ այն վատ երևույթները, որոնք կան։ Այս իմաստով ես չեմ տեսնում հայագիտության բլոկը որպես ստրատեգիական բլոկ։ Միգուցե մեր իշխանության ժամանակ էլ չի եղել, բայց եթե մեր իշխանությունն այդքան լավը լիներ, այսօր ես ձեր տեղը նստած կլինեի, իսկ դուք էլ ինձ կքննադատեիք»,-ասել է նա:
Շարմազանովը կարծիք է հայտնել, որ այսօր պետք է կիրառվի ներառական հայագիտություն, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան միլիոնավոր դոլարներ են դնում հայագիտական ամբիոների կողքին իրենցը սարքելու համար, իսկ Հայաստանն այս պայքարում տանուլ է տալիս:
ԱԺ փոխնախագահը հավելել է, որ հայագիտությունը պետք է լինի Հայաստանի դոկտրինում, իսկ գիտությունը պետք է ունենա ազգային նկարագիր: