Միանշանակ կողմ եմ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նոր իշխանությունների տեսակետներին, սակայն մենք պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերենք, քանի որ անհրաժեշտ է լինելու հստակեցնել գործընթացում Արցախի և Հայաստանի բանակցելու չափաբաժինը և անելիքները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«1998թ. Ռոբերտ Քոչարյանը դառնալով Հայաստանի նախագահ`բանակցային գործընթացում հանդես եկավ նաև որպես Արցախի ներկայացուցիչ այն պարզ պատճառով, որ տեղյակ էր Արցախի նիստուկացից: Սակայն դա ճիշտ չէր: Դա մեր բացթողումն էր, միջազգային հանրության սխալն` ի դեմս Մինսկի խմբի, քանի որ դրանով խախտվել էր բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած բանաձևը: Հակամարտությունն Արցախի և Ադրբեջանի միջև է, և բանակցային գործընթացում որպես հակամարտող կողմ պետք է հանդես գա Արցախը, այլ ոչ թե Հայաստանը»,- նշել է Վ. Բալասանյանը:
Ինչ վերաբերում է Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը, ապա Վ. Բալասանյանը նշել է, որ ցանկացած նման հանդիպում կարևոր է, սակայն նա համոզմունք է հայտնել, որ այդ պայմանավորվածությունն Ադրբեջանին անհրաժեշտ է եղել, և Ադրբեջանն իր շահերն էր հետապնդում: Ըստ նրա` դրանով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների էջը կարելի է համարել փակված:
«Նման համաձայնության գնալը պայմանավորված է նաև ներքին խնդիրներով և ներքաղաքական որոշակի լարվածության առկայությամբ, քանի որ այնտեղ սոցիալական վիճակը գնալով վատթարանում է: Բացի այդ Ադրբեջանը նաև փորձում է ժամանակ շահել` տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից հետևություններ անելու համար»,- պարզաբանել է Վ. Բալասանյանը` ընդգծելով, որ այս ամենից բացի Ադրբեջանը շարունակում է նաև ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել:
Նա նշել է, որ պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը համաձայնության է գնում այն ժամանակ, երբ իրեն անհրաժեշտ էր լինում վերազինվելու և այլ հարցեր լուծելու համար: «Դրա վառ օրինակներից է նաև 2016թ. ապրիլը: Հակառակորդի գրոհը կասեցնելուց հետո պլանավորում էինք անցնել հակահարձակման, երբ նրանք վայրկյան առաջ դիմեցին հրադադարի հաստատման համար»,- նշել է Վ. Բալասանյանը: