6-րդ գումարման Ազգային ժողովը դարձել է պատմական: Նոյեմբերի 14-ին Ազգային Ժողովում՝ կառավարության ժամին, այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի այն հարցին, թե չի կարծում, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը որոշակի դեր է խաղացել երկրի պատմության մեջ, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով, շատերը Հայաստանում կատարված իրադարձությունները աննախադեպ են համարում: «Եվ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանում հեղափոխությունը թավշյա էր և խաղաղ ոչ միայն այս գործընթացներում մեկ ուժի գործողությունների շնորհիվ: Ես ասել եմ այն մասին, որ մենք կարողացել ենք այս գործընթացները խորհրդարան տեղափոխել և դրանց քաղաքական լուծում տալ: Եվ ես ուզում եմ այդ ամենի համար շնորհակալություն հայտնել 6-րդ գումարման Ազգային ժողովին, բոլոր պատգամավորներին, խորհրդարանի խոսնակին», - ասաց վարչապետի պաշտոնակատարը: Ընդ որում նա ընդգծեց, որ անգամ ամենածայրահեղ պահերին Բաբլոյանը կառուցողական և արդյունավետ մոտեցում էր դրսևորում: