Ֆրանսիան և ԱՄՆ-ը պատմականորեն դաշնակիցներ են, բայց լինել դաշնակից չի նշանակում լինել վասալ: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի վրա TFI հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«ԱՄՆ-ը մեր պատմական դաշնակիցն է և շարունակում է մնալ այդպիսին: Բայց լինել դաշնակից չի նշանակում լինել վասալ: Մենք չպետք է նրանից կախված լինենք»,- ասել է Մակրոնը, մեկնաբանելով Փարիզի և Վաշինգտոնի հարաբերությունների վիճակը:
Նա չի մեկնաբանել Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական արտահայտություններն իր հասցեին: «Ես չեմ պատրաստվում պատասխանել թվիթներին և չեմ կարծում, որ Ֆրանսիայի ժողովուրդը ինձանից դա է սպասում»,- նշել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ «դաշնակիցները պետք է հարգեն միմյանց»:
«Կարևորագույն պահերին մենք դաշնակիցներ ենք եղել: Մենք միասին ենք պարտավորվել ամեն օր պայքար մղել ահաբեկչության դեմ և՛ Սիրիայում, և՛ Աֆրիկայում: Մեր զինվորներն ամեն օր գործում են միասին»,- ասել է նա: Ֆրանսիան պետք է ինքնիշխան լինի, իսկ նրա պաշտպանությունը՝ ինքնավար, հայտարարել է Մակրոնը: