Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով արգելվում է նույն սեռի անձանց ամուսնությունը, հայտնում է News.am-ը:
Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ արդեն իսկ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:»:
Բացի այդ, ըստ նրա, ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, ըստ որի «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը»:
Փոխնախարարն առաջարկել է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցրել է. «Ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ օրենսդրական որևէ ճանապարհ, որ նրանց ամուսնությունը կգրանցվի», ինչին Արսեն Մանուկյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, որովհետև, ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև հարաբերություն է: Այս օրենքի ընդունում կամ չընդունումը որևէ հարց չի փոխում, որովհետև հարցն արդեն կարգավորված է օրենքով»: