Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը սոցցանցի անհայտ օգտատիրոջից նամակ է ստացել, որին կցված է իր փաստաբանների դիմումը՝ իրեն լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու մասին: Ավելի վաղ Բելառուսի իրավապահ մարմինները պնդում էին, որ նման դիմում նրանից չեն ստացել, ուստի իրավունք ունեին նրան արտաքսել երկրից: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը:
Ալեքսանդր Լապշինն ասում է, որ փաստաթուղթն իրեն ուղարկել են ինչ-որ կնոջ անվամբ հասցեից՝ իր գործում ներգրավվված բելառուս դատախազի անունից:
Ազատություն ռադիոկայանի հարցին, թե իր կարծիքով այդ փաստաթուղթը հենց դատախազն է ուղարկել, Լապշինը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դա Ն.-ն է: Սակայն դա սկզբունքային չէ: Կարևորը, որ փաստաթուղթն իմ ձեռքում է: Եվ այս փաստաթուղթը ապացուցում է, որ Բելառուսի իշխանություններն ինձ ապօրինի հանձնել են Ադրբեջանին՝ թաքցնելով լրացուցիչ պաշտպանության մասին իմ դիմումը: Ես արդեն ուղարկել եմ այդ փաստաթուղթը ՄԱԿ՝ ի լրումն նախկինում ներկայացված փաստաթղթերի: Ասում են, որ 2019թ. արդեն կընդունվի որոշում Բելառուսի դեմ իմ բողոքի վերաբերյալ»:
Ալեքսանդր Լապշինը գտնում է, որ փաստաթուղթը իզուր չէ հայտնվել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի՝ Մինսկ այցելության նախաշեմին: «Որքանով հասկանում եմ, Ալիևի այցելությունը Մինսկ Բելառուսի ղեկավարության ներսում առաջացրել է որոշակի պայքար,- կարծում է նա:- Բելառուսը, ինքն էլ դա չցանկանալով, հայտնվել է հայ-ադրբեջանական հակամարտության էպիկենտրոնում: Իմ դեպքում Բելառուսը հանձնել է մարդու, ով այցելել է Ադրբեջանի տեսանկյունից գրավված տարածքներ: Սակայն ինչպես պետք է վարվել Ղրիմ այցելած Բելառուսի քաղաքացիների հետ: Հատկապես անցած շաբաթ Պորոշենկոյի կողմից ստորագրված օրենքից հետո, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն Ուկրաինան շրջանցելով Ղրիմ այցելության համար: Ստացում է՝ Բելառուսը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն չի հարգում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:
Հիշեցնենք, որ Լապշինն անարդյունք փորձում էր բողոքարկել իրեն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը, և 2017թ. փետրվարին նրան Մինսկից արտահանձնեցին Բաքու:
Բաքվի դատարանը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհվեց Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից, և նա վերադարձավ Իսրայել: