Չեչնիայի կառավարության անդամ Ջամբուլատ Ումարովը պատմել է Չեչնիայի ժողովուրդների պատմա-մշակութային ժառանգության ուսումնասիրման և պահպանության պետական հանձնաժողովի աշխատանքի մասին, գրում է РУСАРМИНФО-ն:
«Մեզ ամենաշատը հետաքրքրում է մ.թ.ա. 1-ին հազարամյակը, երբ Կովկասում գերիշխում էր նահյան ժողովուրդը` համաձայն եզակի պահպանված հայկական աղբյուրի, որի հեղինակն է Մովսես Խորենացին: Նա հայ պատմաբան է, հոգևորական, ով ստեղծել է «Հայաստանի պատմություն» խորագրով գլուխգործոցը: Նա սահմանել է նահյան ժողովրդի բնակության աշխարհագրությունը Դոնից մինչև Կասպից ծովի հարավային ափեր», - Ումարովի խոսքերը մեջբերում է «Грозный» տեղեկատվական գործակալությունը:
Չեչնիայի ազգային քաղաքականության նախարարը նաև նշել է, որ չեչենական պատվիրակությունը գնացել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը, ուսումնասիրելու տարածաշրջանի պատմության արժեքավոր պատմական աշխատությունները: