Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ հարավային Կուրիլյան կղզիների մի մասի` Ճապոնիայի վերադարձնելու դեպքում այնտեղ ԱՄՆ ռազմաբազա չի տեղակայվի: Այս մասին գրում է ճապոնական Asahi Shimbun թերթը` վկայակոչելով կառավարության իր աղբյուրներին:
Նշվում է, որ այդ կերպ Աբեն հաստատել է Ճապոնիայի վճռականությունը շարունակել բանակցությունները տարածքային հարցերի և խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև 1956 թվականին ստորագրված համատեղ հռչակագրի հիման վրա: այդ հռչակագրով Մոսկվան պատրաստակամություն էր հայտնել խաղաղության պայմանագրի կնքումից հետո որպես բարի կամքի արտահայտում Ճապոնիայի փոխանցել Շիկոտան կղզին և մի քանի փոքր կղզիներ: Բացի այդ, Ճապոնիայի վարչապետը ցանկանում է նաև ցույց տալ, որ ԱՄՆ հետ անվտանգության պայմանագիրը չի դիտարկում ամերիկյան ռազմաբազաների տեղակայում Ճապոնիայի ցանկացած մասում` առանց Տոկիոյի համաձայնության: