Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանն այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:
Փայլանը մասնավորապես ասել է. «Մշակույթի նախարարին ասացի, որ Վանի Արտամետում դրախտային մի վայր կա, այնտեղ հայկական գերեզմանոցի վրա զուգարան են կառուցել: Ասացի, որ դա անխղճություն է: Նուման Քուրթուլմուշը (մշակույթի նախկին նախարար-խմբ.) իսկույն հրահանգեց, որ քանդեն, սակայն պետական կառավարիչը (Արտամետի քաղաքապետարանում պետության կողմից նշանակված հոգաբարձու-խմբ.) ասաց՝ չի քանդվելու այդ զուգարանը: Սա խի՞ղճ է, սա՞ է արդարությունը, սա՞ է իրավունքը: Ոչ մի խիղճ չի կարող սա ընդունել: Այդ զուգարանը դեռևս կանգնած է մարդկանց ոսկորների վրա»:
Հիշեցնենք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հանրային լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ էին կառուցվել:
Նշենք, որ Փայլանն անձամբ էր այցելել Արտամետում գտնվող հայկական այն նույն գերեզմանոց, որի տարածքում կառուցվել է զուգարանը: Փայլանը հավաքել և հողին էր հանձնել գերեզմանոցի տարածքում այս ու այն կողմ թափված ոսկորները, որոնք շինարարական աշխատանքների հետևանքով դուրս էին եկել գերեզմաններից:
Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա հորատել ու ավերել են տեղանքը: