ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են ակտիվացնել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Պուտինն ու Աբեն հանդիպել են Սինգապուրում` Հարավ-Արևելյան Ասիայի երկրների Ասոցիացիայի գագաթաժողովի շրջանակներում, փոխանցում է Euronews-ը:
Երեկ Պուտինը հաստատել է, որ ճապոնական կողմը համաձայել է քննարկել Ռուսաստանի հետ խաղաղության պայամանագիրը՝ հիմք ընդունելով 1956թ. հռչակագիրը:
“Իհարկե, դա պահանջում է առանձին, լրացուցիչ լուրջ աշխատանք` նկատի ունենալով, որ հռչակագրում ամեն ինչը չէ, որ պարզ է: Այնտեղ շարադրված է միայն խնդիրը, սակայն նշված չէ, թե ինչի հիման վրա և ում ինքնիշխանության շրջանակում է դա”, - նշել է ՌԴ նախագահը:
Իսկ ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, Աբեն հայտնել է Պուտինին, որ 1956թ. ռուս-ճապոնական հռչակագրի համաձայն Հաբոմաի և Շիկոտան կղզիները Ճապոնիային փոխանցելու պարագայում, այնտեղ ամերիկյան ռազմաբազաներ չեն տեղակայվի:
Ճապոնա-ամերիկյան պայմանագրի համաձայն`Միացյալ նահանգները կարող են տեղակայել իրենց ռազմաբազաները Ճապոնիայի ողջ տարածքում:
Նշենք, որ 1956թ. ԽՍՀՄ-ը սկզբունքային պատրաստակամություն էր հայտնել փոխանցելու Ճապոնիային Շիկոտան և Հաբոմաի կղզիիները: Սակայն այն բանից հետո, երբ Ճապոնիան ԱՄՆ-ի հետ պայամանվորվածություն ձեռք բերեց իր տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու մասին, խաղաղության համաձայնագրի պատրաստությունները դադարեցին, որպեսզի վերականգնվեն Գորբաչովի օրոք:
Մինչ այժմ Ճապոնիան պնդում էր, որ պետք է Հարավային Կուրիլներն ամբողջությամբ, ներառյալ Իտուրուպն ու Կունաշիրը, փոխանցվեն իրեն: