ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունները, կարծես, թևակոխում են նոր հարթություն: Երկու գերտերությունների միջև առևտրային փոխադարձ սահմանափակումներն ու սպառնալիքները, որոշ դիտարկումների համաձայն, կարող են վերաճել սառը պատերազմի: Մինչդեռ հարցի առավել հանգամանալից վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ սառը պատերազմն արդեն փաստ է, այն ավելին է, քան տնտեսական առճակատումը:
Խաղաղ Օվկիանոսն ու չին-ամերիկյան կոնֆլիկտը
Չինաստանը վերջին շրջանում առավել մեծ ակտիվություն է դրսևորում Հարավչինական ծովում՝ Թայվանի շրջակայքում: Չինաստանի ռազմական ներկայացվածությունն այդ տարածքում պայմանավորվում է Թայվանի նկատմամբ տարածքային նկրտումներով, որը, սակայն, գտնվում է ամերիկյան կառավարության վերահսկողության ներքո:
Այսպես, ամերիկյան կողմը չինական ակտիվությունն որակում է խաղաղօվկիանոսյան տարածքի ռազմականացում, ինչը խիստ վտանգավոր է ոչ միայն երկու երկրների, այլև՝ աշխարհի անվտանգության խափանման տեսանկյունից:
«Նոր Մետաքսի ճանապարհը»՝ ոտնձգություն ամերիկյան շուկաների նկատմամբ
Չին-ամերիկյան լարվածության ևս մեկ պատճառներից մեկը Չինաստանի կողմից «Նոր Մետաքսի ճանապարհ» ծրագրի գործարկմանն ուղղված ակտիվությունն է, ինչը ենթադրում է չինական շուկաների ընդլայնում ասիական ու մերձավորաևելյան տարածաշրջաններում: Հասկանալիորեն Միացյալ Նահանգները մտահոգված են այդ տարածաշրջաններում Չինաստանի ներկայացվածության մակարդակի մեծացմամբ, հատկապես, երբ հարցին առնչություն կունենա նաև Իրանը: Որոշ գնահատականներով` Բոլթոնի այցը տարածաշրջան ուղղված էր նաև այդ հարցին:
Փոխադարձ առևտրային սահմանափակումները՝ չին-ամերիկյան հարաբերությունների յուրահատուկ ավանդույթ
Երկու գերտերությունների միջև առևտրային փոխադարձ սահմանափակումներն ու մաքսային քաղաքականության պարբերաբար վերանայումներն արդեն նորություն չեն: Իրավիճակն ավելի սրվեց Թրամփի՝ իշխանության գալուց ի վեր, ինչը պայմանավորված է ամերիկյան լիդերի՝ «ամեն ինչ Ամերիկային» սկզբունքի ակտիվ իրականացմամբ: Արդյունքում այսօր երկու երկրների միջև իրավիճակն առևտրային ֆոնին պայթյունավտանգ է:
Սառը պատերազմն արդեն փաստ է. առաջիկայում դրված է իրավիճակի է´լ ավելի սրելու կամ մեղմացնելու հարցը
The Washington Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Չինաստանին սպառնացել է «տոտալ սառը պատերազմով», եթե վերջինիս իշխանությունները չվերանայեն իրենց տնտեսական, առևտրային և ռազմական քաղաքականությունը: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով` ԱՄՆ հետ առճակատման արդյունքում պարտվողը Չինաստանն է, քանի որ «արդեն իսկ թուլացրել է դիրքերը»:
Մյուս կողմից, Bloomberg գործակալության հրապարակման համաձայն` Չինաստանն առաջին անգամ Թրամփի վարչակազմի կողմից փոխադարձ առևտրի շուրջ բանակցություններում զիջման տարրեր է նկատել: Գործակալությունը հղվում է երեք հավաստի աղբյուրներից ստացված միևնույն ինֆորմացիայի վրա՝ հավելելով, որ դրանց շուրջ բանակցություններն սպասվում են նոյեմբերի վերջին G20 հանդիպումների ընացքում:
Այսպիսով, չին-ամերիկյան հարաբերություններում սառը պատերազմին բնորոշ երևույթներն արդեն շոշափելի են: Այստեղ հարցը հետագա զարգացումների մեջ են. որքանով դրանք կլարվեն կամ կթուլանան` կախված է երկուստեք դիրքորոշումներից:
Չինաստանի պարագայում մինչև «Նոր Մետաքսի ճանապարհի» ծրագրի իրականացումը բավական ռիսկային է որևէ կտրուկ քայլի դիմելը: ԱՄՆ պարագայում Իրանի հետ կապված պատժամիջոցների ու դրանց կրկնակի կիրառման բացասական հետևանքները դեռևս մարսելու խնդիր կա, որպեսզի նմանատիպ գործողություն կատարվի ևս մեկ ուղղությամբ:
Ամեն դեպքում, Մեծ քսանյակի առաջիկա հանդիպմանը անորոշության որոշ շերտեր կցրի: