Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների՝ բարերար Մայք Սարյանի և Վահե Կարապետյանի հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահ Սահակյանը կարևորել է սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը հայրենիքի շենացման ու զորացման գործում, հավելելով, որ պետք է նոր որակ հաղորդել առկա փոխգործակցությանը` էլ ավելի խորացնելով ու ընդլայնելով այն:
Նա երախտագիտություն է հայտնել Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով բարերարների հայրենանվեր գործունեությունը: