Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղևոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի և հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին՝ Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով կառույցի դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: