Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչություն և հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ:
Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ Արցախում խորը հարգանք են տածում կազմակերպության նկատմամբ:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: