Առանց հանրային լայն քննարկման ու հանրային համաձայնության հարկային բեռի ավելացում չի լինելու։ Այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը` նշելով, որ մամուլում լայն արձագանք է ստացել այսպես կոչված «խոպանչիներին» հարկելու մասին ՊԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Միայն հանրային լայն նախաձեռնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել»,- ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով կոնկրետ օրենսդրական նախաձեռնությանն` Արարատ Միրզոյանը նշել է, որ այն ճիշտ չի մեկնաբանվում։ Իրականում, ըստ նրա` խոսքը բոլոր քաղաքացիների բոլոր եկամուտների մասին է։
«Նույնիսկ, եթե կյանքի կոչվի այս գաղափարը, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը։ Չի կարող պատահել, որ եթե ինչ-որ մեկն իր եկամտից ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում արդեն հարկ է վճարում, մի հատ էլ այդ գումարը փոխանցելուց հետո հարկվի Հայաստանում»,- պարզաբանել է փոխվարչապետի պաշտոնակատարը։