Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր կարծիքն է ներկայացրել կառավարության նոր նախաձեռնության վերաբերյալ՝ նշելով, որ այդ նախաձեռնությունն ուղղակիորեն հարվածելու է անապահով խավի գրպանին:
«Կառավարությունը պատրաստվում է ներկայացնել նախագիծ, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր:
Սա նշանակում է, որ գյուղացին, որ վաճառում է իր մթերքը, այսինքն` ինքնազբաղված անձինք պետք է իրենց եկամուտը, որն առաջացել է այն վաճառքից, հայտարարագրեն: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը՝ կինը, երեխան պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը:
Սրանով ամեն ինչ սկսվում է, բայց ոչ ավարտվում: Հայտարարագրելուց հետո, ըստ նախագծի, այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի բյուջե: Այսինքն, եթե ձեզ 100 դոլար են ուղարկել, դրա 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե: Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է: Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծը կյանքի կոչվի»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: