ԱՄՆ-ում բնակություն հաստատած չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին լուրը վերջին շրջանում լայն տարածում գտավ: Ամերիկյան առաջատար պարբերականներից մեկը, հղում անելով կառավարությունում ունեցած իր աղբյուրներին, նշում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է երկրի իրավապահ մարմիններին քննարկել Գյուլենին արտահանձնելու իրավական հնարավորությունները: Այս լուրերի տարածումից մի քանի օր անց դրանց անդրադարձավ անձամբ Թրամփը՝ հերքելով դրանք: «Դա չի դիտարկվում։ Գյուլենի շուրջ ստեղծված իրավիճակն այն է, ինչ մենք միշտ հաշվի ենք առել, բայց ներկա պահին ոչ»,- նշեց ԱՄՆ նախագահը:
Ինչպես գիտենք Գյուլենի արտահանձման փաստը ԱՄՆ-ն հմտորեն օգտագործում է՝ որպես Թուրքիայի նկատմամբ ունեցած կարևոր խաղաքարտերից մեկը՝ կարևոր պահերին պարբերաբար հիշեցնելով այդ մասին: Չի բացառվում, որ այս տրամաբանության ներքո է նաև Գյուլենին արտահանձնելու մասին տեղեկատվական արտահոսքը: Միաժամանակ չի բացառվում նաև, որ Գյուլենի արտահանձման հնարավորությունը իսկապես դիտարկվել է Թրամփի կողմից:
Գինը, որի դիմաց Թրամփն ենթադրաբար պատրաստվում էր Թուրքիային հանձնել Գյուլենին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանիի վրայից Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի աղմկահարույց սպանության հետքերը մաքրելն էր: Ի վերջո, նույն տրամաբանության ներքո, սակայն այլ հիմնավորումներով, օրեր առաջ ամերիկյան դատարանի որոշմամբ արտահանձման ենթարկվեց և Ստամբուլ տեղափոխվեց ԱՄՆ-ում հաստատված Սալիհ Գյոզեհիրը, ով Գյուլենի հիմնադրամի կառավարման նախկին անդամ է:
Դատելով այն կարևորությունից, որ Սաուդյան Արաբիան ներկայացնում է ԱՄՆ-ի համար, միանգամայն տրամաբանական է անգամ Գյուլենի արտահանձնումը: Սակայն սա ամենավերջում, մինչ այդ Թրամփը կփորձի գործի դնել ավելի «էժան» տարբերակներ՝ Գյուլենին պահելով ավելի լուրջ իրավիճակների համար: