Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ քննադատել է նախարարության ձեռնարկած մի շարք քայլերը և նախագծերը, հայտնում է Ermenihaber-ը:
«Նախարարությունը ոչ մի տեսլական չունի Վանի նահանգի համար։ Հավատացեք Վանի օդանավակայանը տարողունակությամբ կարող է գերազանցնել Անթալիայի և Դալամանի օդանավակայաններին։ Վանում լուրջ քաղաքակրթություն կա։ Եթե այնտեղ պրոֆեսիոնալ նախագիծ իրականացվի, եթե Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը։ Օրինակ՝ Վանի Էդրեմիթ (պատմ. Արտամետ) շրջանը դրախտի անկյուն է։ Վանը հայտնի է 4 հազար տարվա պատմություն ունեցող ուրարտական թագավորությամբ։ Վանում հայկական եկեղեցի կա, այնտեղ է նաև Արշիլ Գորկու գյուղը։ Սակայն այստեղ քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հայկական գերեզմանոցի վրա զուգարան է կառուցում»,-ասել է Փայլանը։
Նա կրկին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանն այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն: