Ինչու՞ չեք ասում, որ Դոլմաբահչե պալատը հայ ճարտարապետ է կառուցել, որ Աղթամարը մերն է. Գարո Փայլանը` մեջլիսում

15:22     21 նոյեմբերի, 2018

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը, մեջլիսում մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ անդրադառնալով Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, ընդգծել է, որ յուրացված մշակույթը այլ կերպ է ներկայացվում, փոխանցում է Ermenihaber-ը: 

«Ինչու՞ չենք ասում, որ Դոլմաբահչե պալատը մերն է, Աղթամարը մերն է... Երբ ուսումնարանում էինք սովորում, մեզ Դոլմաբահչե տարան, գիդը ասաց, որ «պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ Բալիանին»:  Ես էլ հավատացի, վերադարձա ուսումնարան և իմացա, որ Դոլմաբահչեն կառուցել է հայ ճարտարապետ Կարապետ Պալյանը: Պատկերացնու՞մ եք այսպիսի մի  ըմբռնում կա, որ իտալացի ճարտարապետը նախընտրելի է հայ ճարտարապետից: Ստամբուլի բազմաթիվ վայրերում ճարտարապետ Պալյանների նշանավոր գերդաստանի ձեռագիրը կա: Սա ինչու՞ ենք ժխտում: Ինչու՞ չենք ասում, որ Սուլթանահմեթը, Դոլմաբահչե պալատը և Աղթամարը մերն է»:

Նշենք, որ Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչե պալատի, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը:


© armedia.am