Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին՝ Արցախի նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման և հայապահպանության գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: