Նախօրեին Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռան՝ Սիփանի և դրա հարևանությամբ ձևավորված գեղեցիկ ամպի լուսանկարները հեղեղել են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները: Բիթլիսի նահանգի Ադիլջեվազ շրջանի բնակիչները, նկատելով տեսարանը, այն լուսանկարել են, իսկ ավելի ուշ պատկերը տարածվել է լրատվամիջոցներում, հայտնում է Ermenihaber-ը:
4058 մ. բարձրություն ունեցող Սիփան լեռը Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռն է: Գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին: Այն հին հայկական աղբյուրներում կրել է Նեխ Մասիք (Փավստոս Բյուզանդն անվանում է Մեծ Լեառն Մասիք), Մասիաց լեռ, Ծիպան և ուրիշ այլ անուններ:
Ժողովրդական հին հավատալիքներում Սիփանը հանդես է գալիս որպես Հայկի խորհրդանիշը, իսկ Նեմրութը՝ Բելի: Սրվանձտյանանցն այդ երկու լեռների մասին գրել է «..Որպես թե Նեմրութն լիներ Բելը և Սիփանը մեր Հայկը, որ զԲելն իր ոտքին տակ կապած է»: