Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 21 ին հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ այցելեց «Քեմփ Մարմալ» ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրերը։ Դավիթ Տոնոյանը ծանոթացավ առանձին հերթապահության յուրահատկություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ ողջ անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը անձնակազմին ներկայացրեց ՀՀ ում ընթացող քաղաքական գործընթացները, ԶՈւ-երի բարեփոխումների կարևոր կետերը։ Քննարկվեց բարեփոխումներում միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում նման առաքելությունների նշանակությունը», - գրել է Հովհաննիսյանը։