Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Պալիտրանյուս» հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդման ժամանակ հայտարարել Է, որ չի պատրաստվում Վրաստան վերադառնալ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Սահակաշվիլիի խոսքով՝ ինքը չի ցանկանում պաշտոն զբաղեցնել և պարզապես աջակցում է Գրիգոլ Վաշաձեի թիմին, «որը համալրված Է հիանալի երիտասարդներով»: «Մենք ամենահաջողակ իշխանություններից մեկն ենք եղել Վրաստանի պատմության մեջ, բայց այդ իշխանությունն արդեն չպետք Է վերադառնա: Ես չեմ պատրաստվում վերադառնալ, ոչ մի պաշտոն չեմ ցանկանում Վրաստանում, բայց ես կսատարեմ ու կաջակցեմ նրանց»,-հայտարարել Է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ ինքն այն քաղաքական գործիչն է, որի խոսքին հավատում են ամբողջ աշխարհում եւ տարածաշրջանում: «Ես փորձ ունեմ, որը ցանկանում եմ փոխանցել այդ մարդկանց»,- ասել է Սահակաշվիլին:
Նշենք, որ ավելի վաղ Միավորված ընդդիմությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել էր, որ եթե ինքը նախագահ ընտրվի, ներում կշնորհի քաղաքական բանտարկյալներին: «Իմեդի»-ի լրագրողի այն հարցին, թե ներվածների թվում կլինեն արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշաձեն պատասխանել է՝ «անշուշտ»: Այնուամենայնիվ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասում է, որ եթե նախագահ դառնա Գրիգոլ Վաշաձեն, ինքը չի պատրաստվում նրան դիմել ներում շնորհելու խնդրանքով: Սահակաշվիլին ծրագրում է իրավաբանորեն պաշտպանել իր իրավունքները: