1993 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրվեց ազգային արժույթը՝ դրամը, որով դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը։ Դրանով հիմք դրվեց Հայաստանի հիմնական ֆինանսական կառույցներին, այդ թվում նաև բանկային համակարգին։
Հայկական դրամի թողարկման 15—ամյակի կապակցությամբ 2008 թվականին Կենտրոնական բանկի դիմաց տեղադրվեց դրամին նվիրված և դրամը խորհրդանշող բրոնզե արձանը, որի հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։
2003 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 22-ը հայտարարեց բանկային աշխատողի օր, որի միջոցով պետությունն ընդգծում է բանկային համակարգի կարևորությունը ու բանկային աշխատողների զգալի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման ու նրա ֆինանսական կայունության ապահովման գործում: