Նոյեմբերի 20-ին տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ շեշտելով, որ կարևորում է բանակցային գործընթացի թափանցիկությունը: «Կարծում եմ, որ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ: Այսօր հայ ժողովուրդն Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացին և բովանդակությանը տեղեկացված է առավել, քան երբևէ: Այս մոտեցումը շարունակվելու է»,- նշեց Փաշինյանը:
Սակայն պետք է նկատել, որ դրական ու առաջադիմական թվացող այս պնդումները լուրջ մարտահրավերներ կարող են իրենց մեջ պարունակել: Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ Ադրբեջանի հանրությունները խիստ զգայուն են Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ և պարբերաբար դրսևորում են որևէ կերպ զիջումների չգնալու իրենց դիրքորոշումը: Ի դեպ, այս երևույթն առավել քան հասկանալի է և հատուկ գրեթե բոլոր հակամարտություններին: Հենց այս է պատճառը, որ միջազգային հանրությունը համաշխարհային պատմության ողջ ընթացքում չի ստեղծել հակամարտությունների խաղաղ կարգավորման ավելի լավ ու արդյունավետ մեթոդ, քան բանակցությունները: Իսկ որոշակի փուլում գաղտնիության պահպանումը պարտադիր պայման է՝ բանակցությունների արդյունավետությունն ապահովելու համար:
Բանակցային գործընթացի կողմերից մեկի կողմից՝ առանց մյուս կողմերի հետ համաձայնեցնելու, բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների որևէ կտոր հանրայնացնելը կարող է դիտվել որպես բանակցային գործընթացը տապալելու փորձ: Մեր պարագայում նման քայլը կարող է լուրջ հետևանքներ առաջ բերել՝ հիմնավորելով պատերազմական ճանապարհով խնդրի լուծման ադրբեջանական դիրքորոշումը: Պատրա՞ստ ենք արդյոք մենք սրան, և սա՞ է արդյոք մեր նպատակը:
Իհարկե միանշանակ է, որ առանց հասարակության (թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի) հավանության որևէ փաստաթուղթ չի կարող և չպետք է ստորագրվի: Սակայն հասարակությանը պիտի ներկայացվի բանակցային գործընթացում ձեռք բերված ամբողջական արդյունքը: Իսկ մինչև ամբողջական, երկրների ղեկավարների կողմից համաձայնեցված տարբերակի ձեռքբերումը բանակցային որևէ կետը հանրությանը ներկայացնելն ոչ միայն չի նպաստի որևէ արդյունք ունենալուն, այլև ընդհանրապես կտապալի ողջ գործընթացը:
Այո՛, բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ, սակայն դա է պահանջում բանակցային գործընթացի էությունը: Հակամարտող կողմերը ներկայացնող իշխանությունները պիտի ունենան պատրաստակամություն՝ իրենց ուսերին կրելու սեփական երկրի ու ժողովրդի շահերն այդ «խորհրդավոր քողի ներքո» պաշտպանելու պատասխանատվությունը: