Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում դիտարկման կետեր տեղակայել թուրք-սիրիական սահմանին: Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով՝ դա արվելու ի պատասխան թուրքական կողմի մտահոգություններին առ այն, որ Սիրիայի հյուսիսում քրդական ռազմական միավորումների պատճառով կարող է իրավիճակը սրվել՝ Թուրքիայի համար ստեղծելով ահաբակչական սպառնալիքներ:
Վերջին բավականին երկար ժամանակահատվածում սա թուրք-ամերիկյան առաջին համագործակցությունն է Սիրիայում. կողմերի միջև երկխոսությունը անհնար էր դառնում ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին ցուցաբերվող ռազմական աջակցության պատճառով: ԱՄՆ այսօր էլ չի հրաժարվում քրդերին իր աջակցությունից՝ հատկապես, որ այժմ Սիրիայում քրդերն իր ազդեցության միակ լծակն են: Ուստի, հարց է առաջանում՝ ի՞նչն է ստիպում Թուրքիային աչք փակել իր համար առանձնակի կարևորության այդ խնդրի վրա և Սիրիայում համագործակցել երկրի «թիվ մեկ» թշնամիների՝ քրդերի հովանավորների հետ:
Թեև Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունը Սիրիական հակամարտության կարգավորման հարցում բավականին արդյունավետ է, սակայն Թուրքիայի մոտեցումները խնդրի վերջնական կարգավորման հարցում միանգամայն հակառակ են Իրանի և Ռուսաստանի մոտեցումներին: Թուրքիայի շահերից չի բխում, որ վերջնական կարգավորման դեպքում Սիրիայում իշխանության մնա Ասադը: Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունքում Թուրքիային հաջողվեց հետաձգել Սիրիայում քաղաքացիական պատերազմում Ասադի հաղթանակը: Անկարայում, սակայն, հասկանում են, որ այս իրավիճակը երկար տևել չի կարող, և իր կողմից պայմանավորվածությունը չկատարելու դեպքում Ասադի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ վաղ թե ուշ սկսելու են Իդլիբում վերահսկողություն հաստատելու ռազմական գործողություն:
Թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ հօգուտ Ասադի հակամարտության կարգավորումից հետո չեն կարող «պատասխան չտալ» սիրիական զինված ընդդիմությանը և ահաբեկչական որոշ խմբավորումների հովանավորելու համար(ինչն, ի դեպ, լավ հիշում է ոչ միայն պաշտոնական Դամասկոսը, այլ նաև Ռուսաստանն ու Իրանը): Դա մասնավորապես կարող է արտահայտվել տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազմամբ: Նման պայմաններում Անկարային անհրաժեշտ է Սիրիայում ամրապնդել հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ իր նման մոտեցում ունեցող երկրների՝ առաջին հերթին ԱՄՆ դիրքերը՝ հետագայում Սիրիայում քաղաքական կարգավորման վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու համար:
Հարկ է նկատել, որ Թուրքիան, ըստ ամենայնի, ոչ միայն սիրիական հակամարտության կարգավորման, այլև գլոբալ հարցերում վերջնական ընտրությունը կանի հօգուտ ԱՄՆ հետ համագործակցության: Թեև Ռուսաստանն ու Թուրքիան այսօր շատ լավ համագործակցություն ունեն տնտեսական ոլորտում, սակայն չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ անդամ հանդիսացող Թուրքիայի անվտանգային համակարգը տասնամյակներ շարունակ գտնվում է ԱՄՆ ազդեցության տակ, և այդ հարցում, ինչպես ցույց է տալիս Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակամարգերի ձեռքբերմանն ամերիկյան արձագանքը, կտրուկ փոփոխություն անելը բավականին բարդ է լինելու: Նշենք, որ դրանում շահագրգռված չէ նաև ԱՄՆ-ը, որը, կորցնելով ռազմավարական դաշնակցությունը Թուրքիայի հետ, կարող է տարածաշրջանում էապես զիջել իր դիրքերը: Թերևս այս է պատճառը, որ այսօր թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերություններում տեսնում ենք սառույցը հալեցնելուն ուղղված քայլեր ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԱՄՆ կողմից: