Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները չեն կարողացել համաձայնեցնել իրենց դիրքորոշումները կապված Brexit-ի հետ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Թերեզա Մեյի հետ խոսակցությունից հետո մեր դիրքորոշումները նախկինի նման հեռու են իրարից»:
«Իմ կառավարությունը միշտ պաշտպանելու է Իսպանիայի շահերը: Եթե փոփոխություններ չլինեն, մենք վետո կկիրառենք Brexit-ի համաձայնագրի վրա», - գրել է Սանչեսը:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետը զգուշացրել էր, որ Մադրիդը կարգելափակի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքը, եթե նրանում նշված չլինի, որ իսպանական իշխանությունները կարող են Ջիբրալթարի վերաբերյալ ուղիղ բանակցություններ վարել Լոնդոնի հետ:
Այս համատեքստում, Euronews-ի փոխանցմամբ, Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն հայտարարել է հետևյալը. «Չնայած սխալ պնդումներին այն մասին, որ Brexit-ն Իսպանիային կտա Ջիբրալթարի նկատմամբ լիարժեք կամ մասնակի ինքնավարություն ստանալու` վերջին 300 տարվա ընթացքում ամենալավ հնարավորությունը, Ջիբրալթարը կդառնա Brexit-ի հարցով ցանկացած համաձայնագրի և հետագա անցումային շրջանի մաս, եթե նման համաձայնություն ձեռք բերվի: Ինքնավարության և վերահսկման հարցում ոչ մի զիջում չկա և չի լինելու»:
Իսպանիայի իշխանությունները հայտարարել են նաև, որ Լոնդոնն ու Բրյուսելը, վարչապետ Թերեզա Մեյի խնդրանքով վերջին րոպեին փոփոխելով հետագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագիրը, ոչ ազնիվ են վարվել Ջիբրալթարի կարգավիճակի հարցում: Մադրիդի կարծիքով փաստաթղթի այժմյան ձևակերպումը կարելի է մեկնաբանել այնպես, որ Ջիբրալթարի հարցն ապագայում կարող են քննարկել Լոնդոնն ու Բրյուսելը: