Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կոսովոյում և Մետոխիայում իրադրության սրումը, հայտնում է Սերբիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Կոսովոյի ՆԳ նախարարության ROSU հատուկ ստորաբաժանման աշխատակիցները նոյեմբերի 23-ի առավոտյան Կոսովսկա-Միտրովիցայի հյուսիսային մասում ձերբակալել են չորս սերբերի: Ավելի վաղ Պրիշտինան որոշում է ընդունել սերբական բոլոր ապրանքների վրա մաքսատուրքերը 100 տոկոսով բարձրացնելու մասին, ինչից հետո տեղի սերբերը պլանավորել էին բողոքի խաղաղ ակցիաներ անցկացնել նոյեմբերի 23-ին:
«Նախագահ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան միշտ էլ լրջորեն ու պատասխանատու կերպով է գործում, բայց և նշել է, որ նա ենթարկվում է Պրիշտինայի մշտական սադրանքներին, որոնք սպառնում են Կոսովոյի և Մետոխիայի սերբերի անվտանգությանը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: