Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԵՄ-ում մնացող 27 անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ կկայանա ԵՄ արտահերթ գագաթաժողով՝ հաստատելու Brexit-ի հարցով համաձայնագրի նախագիծը և ընդունելու ԵՄ-Մեծ Բրիտանիա ապագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հռչակագրի նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքից: Գագաթաժողովը կմեկնարկի մի քանի րոպեից Երևանի ժամանակով 12:30-ին (Բրյուսելի ժամանակով 09:30):
Գագաթաժողովը հավիրվել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից նոյեմբերի 15-ին Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիեի հետ հանդիպումից հետո, ով ներկայացրել է բանակցությունների մակարդակում Մեծ Բրիտանիայի հետ համաձայնեցրած համաձայնագրի տեքստի նախագիծը:
Իսկ արդեն նոյեմբերի 22-ին Դոնալդ Տուսկը ԵՄ 27 անդամ պետությունների ղեկավարներին է ուղարկել քաղաքական հռչակագրի նախագիծը, որով նախանշվում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև ապագա հարաբերությունների շրջանակը: Հռչակագրի նախագիծը համաձայնեցվել է ինչպես բանակցությունների, այնպես էլ քաղաքական մակարդակում, սակայն այն ենթակա է անդամ պետությունների ղեկավարների հաստատման: