Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երեկ հայտարարել է, որ Մադրիդն ու Լոնդոնը կարողացել են համաձայնության հասնել Ջիբրալթարի ճակատագրի հարցով: Այս ասին հաղորդում է Euronews-ը:
Սանչեսի կարծիքով, Եվրոպան և Միացյալ Թագավորությունը համաձայնել են Իսպանիայի պահանջներին, այնպես որ Մադրիդը վետո չի կիրառի Brexit-ի մասին համաձայնագրին:
Իսպանիան կստանա երաշխիքներ ԵՄ ղեկավարությունից և ԵՄ այլ երկրներից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ղեկավարությունից առ այն, որ Իսպանիան հնարավորություն է ունենալու նախօրոք ուսումնասիրել և հավանություն տալ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Ջիբրալթարին վերաբերող ապագա պայմանավորվածություններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին մեկնարկելիք ԵՄ Խորհրդի արտահերթ գագաթաժողովը, որի ընթացքում Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները պետք է հավանություն տան ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրին, կարող է չկայանալ «Ջիբրալթարի հարցի» վերաբերյալ կոնսենսուսի բացակայության պատճառով: