Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե այն իրականացվի ներկայիս համաձայնությամբ, մինչև 2030 թվականը կհանգեցնի 4 տոկոսով համախառն ներքին արդյունքի անկման, ինչը համաչափ է երկրի տնտեսության՝ տարեկան 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի կորուստներին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով The Independent թերթին:
«Մեր հիմնական եզրակացությունները ցույց են տալիս, որ եթե Brexit-ի վերաբերյալ առաջարկված համաձայնությունն իրականացվի այն կերպ, որ Մեծ Բրիտանիան 2021 թվականին լքի ԵՄ-ի մաքսային միությունը և միասնական շուկան, ապա մինչև 2030 թվականը ՀՆԱ-ն 4 տոկոսով կնվազի այն բանի համեմատությամբ, եթե Մեծ Բրիտանիան մնա Եվրամիությունում»,- հայտնում է հրատարակությունը` հղում կատարելով Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի (NIESR) հայտարարությանը:
Փորձագետները նշում են, որ դրա պատճառը հիմականում կլինի արգելքները ծառայությունների ոլորտում, որոնք տնտեսության այդ հատվածը կդարձնեն սակավ գրավիչ և վերջիվերջո կհանգեցնեն Եվրամիությունից ներդրումների կրճատմանը: