Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերություններն ավելի են լարվում: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության փոխանցմամբ` Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերը նոյեմբերի 25-ի առավոտյան խախտել են ռուսական ջրային սահմանները: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն են վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով, որի արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Կրեմլը տեղի ունեցած միջադեպը անվանել է «վտանգավոր սադրանք»։
Սակայն ուկրաինական կողմի պնդմամբ, ուկրաինական նավերն ու քարշակը Օդեսայից Մարիուպոլ են գնալիս եղել Կերչի ուղղությամբ՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում ներկայացնելով: Ուկրաինայից հայտնում են նաև, որ ռուս սահմապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ, ինչի հետևանքով էլ վիրավորում է ստացել 6 ուկրաինացի զինծառայող: Բացի այդ, Ուկրաինայից հայտնում են ՌԴ-ի կողմից նավերը գրավելու մասին: Ի դեպ, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է նավերը վերցնելու ու զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու փաստը:
Այս առնչությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է Ռուսաստանից անհապաղ ազատել ուկրաինացի ծովայիններին և ուկրաինական երեք նավերը։ Նա հայտարարել է, որ ակնկալում է արագ արձագանք Մոսկվայից։ Բացի այդ, պետության ղեկավարը կոչ է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա նավերն անհապաղ ազատելու համար: Նշենք, որ նոյեմբերի 26-ին Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը:
Նա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ պայմանավորվել է շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի արտակարգ նիստ գումարել: Իսկ Ռուսաստանն էլ իր հերթին ՄԱԿ-ին է խնդրել Ազովի ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել:
Նշենք, որ սա Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին միջադեպը չէ: Նմանատիպ միջադեպեր երկու երկրների միջև տեղի են ունեցել սկսած 2014 թվականից, այն բանից հետո, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, իսկ Կերչի նավահանգիստը ու նեղուցն անցան ռուսական վերահսկողության տակ: Այժմ Կերչի նեղուցում ցանկացած գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է նավահանգստի ղեկավարի թույլտվությունը: