Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է՝ հիմնադրված 1890 թ.-ին Թիֆլիսում: Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ ՀՅԴ-ն ևս մասնակցում է սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին՝ «Հավատարիմ հողին ու հային» կարգախոսի ներքո:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ զուգահեռաբար անդրադառնալով նաև կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական դրույթներին։
Կուսակցության նախընտրական ծրագրի «Անկախ և հզոր պետություն. Արցախ, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնում ասված է.
«Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման»:
Ղարաբաղյան հիմնախնդիր
Արցախյան հարցի շուրջ կուսակցության դիրքորոշումը հետևյալն է. «Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»: Կուսակցության նախընտրական ծրագրում Արցախյան հարցի շուրջ կան հետևյալ առաջարկները.
Անվտանգություն
ՀՅԴ նախընտրական ծրագրում բավական մեծ տեղ է հատկացված անվտանգության խնդրին, ինչի առնչությամբ մասնավորապես նշվում է. «Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը»: Անվտանգության բարձրացման համատեքստում կուսակցությունը առաջարկում է.
Հայոց ցեղասպանություն
ՀՅԴ կուսակցության ծրագրում՝ որպես նպատակադրում նշվում է «Թուրքիայի կողմից հայության դեմ գործադրված եւ մինչեւ այժմ անպատիժ մնացած Ցեղասպանության ոճրի միջազգային դատապարտում, բռնագրավված հողերի վերադարձ և վնասի արդար հատուցում հայ ազգին»: Այս խնդրին անդրադառնում է նաև կուսակցության նախընտրական ծրագիրը՝ առաջարկելով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը, բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որևէ գործողություն:
Սփյուռք
Եվ՛ կուսակցության ծրագրում, և՛ նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է դարձված սփյուռքին ու սփյուռքահայությանը: Կուսակցության ծրագրում իբրև նպատակ սահմանված է. «ամրապնդել Սփյուռքի ազգային ինքնությունը և կազմակերպել քաղաքական դերակատարությունը՝ նրա կարողականություններն ուղղելու համար դեպի Հայաստանի պետականության հզորացում և Հայ Դատի հետապնդում»: Նախընտրական ծրագրում այս գաղափարը տեղ է գտել հետևյալ ձևակերպմամբ. «ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է: Ըստ այդմ՝ ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար»:
Վրաստանի հետ հարաբերություններ
Նախընտրական ծրագրում Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև երկկողմ հարաբերություններից անդրադարձ է արվում միայն հայ-վրացական հարաբերություններին՝ նշելով, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա: