2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելուց հետո գերության մեջ հայտնված ՀՀ ԶՈւ-ի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանը, որին 2015թ.-ի մայիսին Գյանջայի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման, ադրբեջանական բանտից դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես հայտնում է Oxu.az-ը` ուղերձում Բաղդասարյան խնդրում է անդրադառնալ երկար ժամանակ ԶԼՄ-ներում քննարկվող գերիների փոխանակման մասին բարձրաձայնվող առաջարկին:
«Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ կցանկանայի խնդրել հնարավորինս կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել սեփական ժողովրդի փրկության համար: Անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ իրավիճակը, որում հայտնվել եմ, անդառնալի է», - դիմել է Բաղդասարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:
Նամակում նա նաև նշում է, որ ինքը, անցնելով բազմաթիվ տառապանքների միջով, «պատկերացնում է, թե ինչ են վերապրում Հայաստանում գտնվող ադրբեջանցիները»:
«Հարգելի վարչապետ, եթե Դուք իսկապես հոգ եք տանում սեփական ժողովրդի մասին՝ խնդրում եմ Ձեզ համաձայնության գալ Ադրբեջանից Ձեր հակառակորդների հետ երկու երկրներում տառապող մարդկանց հարցի շուրջ»,- նշվում է նամակում: