ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է ԻԻՀ Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երևանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Խորհրդարանի ղեկավարն արժևորել է ԻԻՀ իշխանությունների ու ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը, որ վայելում են իրանահայ համայնքի ներկայացուցիչները: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` լինելով Իրանի լիիրավ քաղաքացիներ՝ նրանք տարբեր բնագավառներում ունեցած գործունեությամբ իրենց ավանդն են բերում երկրի զարգացմանը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանը կարևորել է համատեղ ջանքերը կայունության ու խաղաղության ապահովման գործում, որտեղ մեծ դերակատարում է վերապահված նաև խորհրդարանական կառույցներին:
Շնորհակալության հայտնելով հանդիպման համար` Մասումե Աղափուր Ալի Շահին ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնի խոսքն է փոխանցել Արա Բաբլոյանին: Նա նշել է, որ իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները:
Պատգամավորը կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ ստեղծված ավանդույթները հետագայում ևս շարունակական կլինեն: Մասումե Աղափուր Ալի Շահին ևս արժևորել է այն ներդրումը, որ ունեցել և ունենում է հայ համայնքն Իրանի ներքին կյանքում՝ շեշտելով նրանց դերը նաև երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ:
Կողմերը կարևորել են միջխորհրդարանական փոխգործակցությունը տարբեր ձևաչափերում, փոխադարձ այցերն ու հանդիպումները: