Այսօր Վրաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկու թեկնածուներն են «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն և «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։
Երկրորդ փուլի անցկացումն անհրաժեշտ էր, քանի որ առաջին փուլում՝ հոկտեմբերի 28-ին, 25 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ավելի քան 50 տոկոս ձայն ստանալ: Առաջին փուլում Զուրաբիշվիլին ստացել էր 38,64 տոկոս ձայն, իսկ Վաշաձեն՝ 37,74 տոկոս:
Երկրորդ փուլում հաղթանակի համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնությունը: Մրցակիցների հնարավորությունները գրեթե հավասար են: