Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ անազատ երկիրն է: Այդ մասին նշվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության քաղաքացիական բաղադրիչի հանձնաժողովի ընդունած զեկույցում, որը, ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիային քննադատող ՆԱՏՕ-ի առաջին պաշտոնական զեկույցն է, հաղորդում է Tert.am-ը:
Աշխարհի մի շարք երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան Freedom House-ի կողմից ճանաչված անազատ երկրների շարքում է: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում և Ռումինիայում տիրող իրավիճակին:
Զեկույցի հեղինակները նաև քննադատել են Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո զանգվածային ձերբակալություններն ու կադրային զտումները:
Ուշադրություն է հրավիրվել նաև Թուրքիայում իրականացված սահմանադրական փոփոխությունների միջոցով կառավարման նախագահական համակարգին անցմանը, որն էականորեն ընդլայնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները:
Նշվում է, որ թեև Թուրքիան փորձել է ընդօրինակել կառավարման նախագահական համակարգի ամերիկյան մոդելը՝ Թուրքիայում սահմանադրական այս փոփոխության արդյունքում իշխանությունը հավասարակշռված չէ. այստեղ նախագահն իրավունք ունի ցրել խորհրդարանը, ինչպես նաև մեծացրել է իր ազդեցությունը արդարադատության համակարգի նկատմամբ: