Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում Պերսեպոլիս-Թրաքթյորսազի ֆուտբոլային ակումբների միջև տեղի ունեցած խաղի ժամանակ, մի խումբ երկրպագուներ իրենց ձեռքում պաստառ են պահել, որի վրա պարսկերեն գրված է եղել «Արցախ»:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` դա բարկացրել է Իրանի խորհրդարանի ծագումով թուրք և ադրբեջանցի պատգամավորներին։ Դժգոհության ալիք է բարձրացել նաև Իրանի Ատրպատական նահանգում։ Հայտնի է, որ պաստառը պահել էին Պերսեպոլիսի երկրպագուները։
Ազերի պատգամավորները քննադատել են տեղի ունեցածը և մի շարք մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։ Առաջնորդվելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումներով՝ նրանք հայկական կողմին մեղադրել են «օկուպացիայի» մեջ։