ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Միրզոյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Հանդիպման ընթացքում տարբեր հարցեր ենք քննարկել, այդ թվում` կնճռոտ հարցեր, նաև` ԵԱՏՄ-ին անմիջականորեն չվերաբերող, բայց այդ գործընկերությանն այլ ձևաչափերին վերաբերող, չթաքցնեմ` նաև ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարության մասին ենք խոսել»,- ասել է Միրզոյանը։
Նա հրաժարվել է այդ քննարկման մասին այլ մանրամասներ հայտնել` նշելով, որ հանդիպումը փակ էր։
«Անդրադարձել ենք խնդրին առնչվող բոլոր նրբերանգներին, ենթահարցերին, բայց մանրամասներ չեմ հաղորդի»,- ասել է նա` հավելելով, որ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրն այդ հանդիպումով ու ԵԱՏՄ շրջանակում չի լուծվել և չէր էլ կարող լուծվել։ Նա հույս է հայտնել, որ այն լուծում կստանա առաջիկայում նախանշված ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում։