Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեծացրեք ձեր հնարավորություններն ու պատրաստվածությունը, որպեսզի թշնամիները նույնիսկ չհամարձակվեն սպառնալ այս մեծ ազգին»,- հայտարարել է Խամենեին երկրի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Խամենեին նշել է, որ երկրի զինված ուժերի մարտունակության ամրապնդումը զսպող գործոն է և «վախի մեջ է պահում թշնամիներին»` հավելելով, որ Իրանը մտադիր չէ որեւէ մեկի դեմ պատերազմ սկսել:
Նշենք, որ այաթոլլա Ալի Խամենեին հանդիսանում է Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: