Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
Զուգահեռաբար, ներկայացնում ենք նաև դաշինքի անդամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության[1] ծրագրում արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթները։
«Մենք» դաշինքի նախընտրական ծրագրի «Ազգային և պետական շահի վրա հիմնված, Հայաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության ընդլայնմանը նպաստող արտաքին քաղաքականություն» բաժնում նշված է հետևյալը.
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար անարդյունավետ կառույց է: ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր, պետք է վերանայել այդ կառույցի հետ հարաբերությունները և Հայաստանը քայլ առ քայլ ու անցնցում տանել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն: ԵԱՏՄ անդամակցության այս ընթացքն էլ ապացուցել է, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն Հայաստանի, այլև մյուս անդամ պետությունների համար անարդյունավետ միավոր է, քանզի հնարավորություններ ստեղծելու փոխարեն խոչընդոտներ և սահմանափակումներ է առաջացնում, մասնավորապես՝ երկրի անվտանգության, զարգացման ու առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով փոխշահավետության հիմքով այլ ուժային կենտրոնների, պետությունների և կազմակերպությունների հետ հարաբերություններում: Բացի այդ, ԵԱՏՄ անդամակցության տարիների ընթացքում վատթարացրել են Հայաստանի ցուցանիշները մի շարք բնագավառներում, այդ թվում՝
➢ Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ՝ էականորեն նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները․ եթե 2014թ․ Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016թ․, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, ընդամենը 10,7 միլիարդ: Նվազել են նաև Հայաստանի արտաքին պահուստները․ եթե 2014թ․ դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա այժմ, համաձայն Կենտրոնական բանկի, այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից:
Էլ ավելի մեծ անկում է ապրել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը։ 2014-ի համեմատ 2016թ․ ներմուծումը պակասել է 28%-ով: Արտահանումը նույն ժամանակաշրջանում աճել է 16 տոկոսով, որը սակայն ոչ թե արդյունք է Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայկական արտադրության զարգացման, այլ Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման։ Եթե արտահանման ծավալներից հանենք «թուրքական հոսքը», ապա կարելի է պնդել, որ այն նույնպես անկում է ապրել: Փոխարենը աճել է Հայաստանի պետական պարտքը․ եթե երկու տարի առաջ պետական պարտքը 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա այժմ այն ավելացել է 26%-ով՝ հասնելով 5,6 միլիարդ ԱՄՆ դոլարի: 2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը 6,7 մլրդ դոլար է: 2016 թվականի համեմատ այն աճել է 5 մլն դոլարով կամ 12%-ով:
ԵԱՏՄ անդամակցությունը չավելացրեց նաև անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։ ԵԱՏՄ անդամ-պետություններից Ռուսաստանը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին մատակարարվող զենքի քանակով առաջատարն է՝ Ադրբեջանն իր սպառազինության 80%-ը ձեռք է բերում ՌԴ-ից, երկրորդ տեղում ԵԱՏՄ անդամ Բելառուսն է։
Երկկողմ տնտեսական կապերի կայուն ամրապնդման նպատակով առաջնային է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ինչը նաև մի շարք գործոններից մեկն է, որը կնպաստի Հայաստանում ամերիկյան բիզնեսի գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Խիստ կարևոր է նաև անհրաժեշտ հիմքերի ստեղծումը Հազարամյակի մարտահրավերներ գրասենյակի հայաստանյան ծրագրի վերամեկնարկի, ինչպես նաև համագործակցային հավակնոտ նոր ձևաչափերի ստեղծման ու արդյունավետ կիրառման համար: Նորարարությունը ևս հեռանկարային համագործակցության ոլորտներից է, որտեղ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունը պետք է հասցնել նոր, առավել բարձր մակարդակի:
ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտի համագործակցությունը մեր անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչներից է: Պաշտպանական ոլորտում առաջնային է ամուր գործընկերային հարաբերությունների ծավալումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ (այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում) հարթություններում: Այս ոլորտի համագործակցության փոխադարձ կարևորության բաղադրիչ է խաղաղապահ ուժերի վերապատրաստումը: Միաժամանակ, միջազգային խնդիրների կարգավորման հարցում դրական ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամության տեսանկյունից ևս Հայաստանը կարող է հանդես գալ նախաձեռնություններով:
Հայ-ամերիկյան համագործակցային շրջանակների առավել հստակեցման ու ընդլայնման տեսանկյունից առաջնային է ԱՄՆ-ում հայկական ազդեցիկ սփյուռքի ներուժի ըստ արժանվույն գնահատումը և փոխգործակցության մեխանիզմների ստեղծումը, այդ թվում՝ ամերիկյան ներդրումային ծրագրերի խթանման միջոցով: Հայ-ամերիկյան փոխլրացնող ու փոխշահավետ գործակցությունը պետք է հասցնել հնարավոր բարձր մակարդակի:
Իրան-Հայաստան բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունների զարգացում: Իրանը Հայաստանի համար ոչ միայն հուսալի հարևան, բարեկամ ու աշխարհի հետ հաղորդակցություն ապահովող երկիր է, այլ նաև ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր:
Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացում և ընդլայնում: Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր և փոխվստահելի մակարդակի հասցնել։
➢Ադրբեջանի սպառազինմանն ու սպառազինության մրցավազքին վերջ դնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա նրան սպառազինություն վաճառել: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին:
➢ ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնում, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառում:
➢ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև՝ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների միջազգային հետաքննության պահանջ, պատերազմի ու մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցի հարուցում:
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթակա չէ որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում: Երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներին եւ անկաշկանդ երկխոսությանն ուղղված միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշումից։
Արցախյան հիմնահարցի լուծման` «Մենք» դաշինքի տեսալականը շարադրված է նախընտրական ծրագրի «Ազատ, ժողովրդավար և ինտեգրված Արցախ» բաժնում, որը ներկայացնում ենք ստորև`
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Արցախի Հանրապետությունը բավարարում է որևէ ազգ-պետության ներկայացվող միջազգային չափանիշներին և արժանի է միջազգային ճանաչման, և եթե ճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա՝ հիմքը բացառապես միջազգային իրավունքն է, ոչ թե Ադրբեջանի կամ որևէ երրորդ պետության ցանկությունը:
Հայաստանի հետ Արցախի սերտ ինտեգրում, ռազմական փոխօգնությանպայմանագրի կնքում: Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրումը, առաջին հերթին՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը հրամայական են: Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարքետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստեղծմանը և իրականացմանը։ ՀՀ պետական պատվերի և պետական գնումների ծրագրերում Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների համար կսահմանվեն պարտադիր քվոտաներ։ Խրախուսել, որպեսզի կրթական որոշ հաստատություններ (համալսարաններ, ԳԱԱ) գրասենյակներ հիմնեն Արցախում: Զարգացնել ներքին զբոսաշրջությունը՝ հատկապես սուբսիդավորելով աճող սերնդի այցելությունները դեպի Արցախ։
Ձեզ ենք ներկայացնում նաև «Մենք» դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրի` արտաքին քաղաքականության հետ կապված հատվածը`
«Հայաստանի եվրոպական ճանապարհը
Հայաստանի ապագան կապված է Եվրոպայի հետ: Հայ ազգի պոտենցիալը կարող է բացահայտվել միայն եվրոպական քաղաքակրթության արժեքների համատեքստում: Եվրոպական ճանապարհը Հայաստանի բարեկեցության աճն է, նրա եվրոպական չափանիշներին մոտեցնելու, երկրում եվրոպական տիպի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և քաղաքական մոդելի ձևավորման ճանապարհով: Դա նաև հայկական օրենսդրության զարգացումն է ԵԽ-ի և ԵՄ-ի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, դա մեր ազգային անվտանգության հարցն է»:
«Մենք» դաշինքը կազմավորվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ նոյեմբերի 11-ին՝ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներ Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի կողմից համագործակցության հուշագրի ստորագրմամբ:
[1]Նշենք, որ ներկայացված չէ «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ծրագրի արտաքին քաղականության բաժինը, քանի որ մեզ չհաջողվեց ծանոթանալ կուսակցության ծրագրին ո´չ էլեկտրոնային, ո´չ տպագիր տարբերակով: