Ուզբեկստանը դարձել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ: Համապատասխան կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը նոյեմբերի 29-ին ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում ստորագրել է Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուրախությամբ պաշտպանում ենք Ուզբեկստանի Հանրապետության անդամակցումը մեր ընդհանուր խորհրդարանական ընտանիքին, մեր վեհաժողովին: ԱՊՀ-ի մեր խորհրդարանական ընտանիքն այժմ ամբողջական է»,- նիստում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Յուլդաշևն, իր հերթին, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ին անդամակցումը շատ կարևոր իրադարձություն է Ուզբեկստանի համար:
Ստորագրման արարողությունից հետո նիստերի դահլիճ է բերվել Ուզբեկստանի դրոշը: