Միացյալ Արաբական Էմիրությունները նոր մեգածրագիր է մշակել, որով նախատեսվում է ստորջրյա երկաթուղային թունելի միջոցով ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքը կապել Հնդկաստանի Մումբայ քաղաքի հետ:
Բացի ուղևորներից, ստորջրյա գնացքները Հնդկաստանից Միացյալ Արաբական Էմիրություններ կտեղափոխեն ապրանքներ և մաքուր ջուր, իսկ հակառակ ուղղությամբ` նավթ: Այս մասին հայտնել է National Advisor Bureau Limited ընկերության գործադիր տնօրեն Աբդալա Ալ Շեխին երկու երկրների միջև կայացած գագաթաժողովի ժամանակ, հայտնում է Business Emirates-ը:
«Մենք մտադիր ենք կապել Մումբայն ու Ֆուջեյրա քաղաքները գերարագ լողացող գնացքներով: Ծրագրի նպատակն է զարգացնել երկկողմ առևտուրը: Մենք նավթ կարտահանենք Հնդկաստան, փոխարենը կստանանք մաքուր ջուր: Նախատեսվում է, որ Ծոցի մյուս երկրները նույնպես ներմուծեն և արտահանեն ապրանքներ մեր ստորջրյա երկաթուղու միջոցով», - ասել է Ալ Շեխին:
Ստորջրյա ճանապարհի երկարությունն առնվազն 2000 կմ կկազմի: Հարկ է նշել, որ ներկայումս աշխարհում նախատեսվում է իրականացնել մի քանի նմանատիպ նախագծեր`Չինաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև Կանադայի և ԱՄՆ-ի միջև: