Իմ անձնական կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի հետևանքով Հայաստանում առաջացող մտահոգություններին, այսօր «Լազարևյան ակումբի» նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է Այսօր-ը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Բելառուսի ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության պարբերական վաճառքները։
«Բելառուսի առումով ես դատավոր չեմ։ Կարող եմ ասել, որ այն, ինչ կապված է նման հարցերի հետ, պետք է քննարկվի այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, ու եթե դա դուրս է գալիս գործընկերային պարտավորություններից, այդ առումով պետք է որոշակի որոշումներ ընդունվեն։ Որքանով ես գիտեմ՝ մինչ այժմ ոչ մի պաշտոնական արգելքի կամ թույլտվություն սպառազինության գնման վերաբերյալ չի եղել», - ասել է Զատուլինը։
Նա ընդգծել է՝ «Ադրբեջանին սպառազինությունը վաճառվում է, իսկ Հայաստանին՝ տրամադրվում»։
«Ես անձամբ համարում եմ, ցանկանում եմ ընդգծել, որ սա իմ անձնական կարծքին է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք Հայաստանի մտահոգություններին այս հարցի շուրջ, հատկապես 2016թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա հակամարտության համատեքստում։ Իմ այս տեսակետը գաղտնիք չէ ու ես այն պաշտպանում եմ բոլոր ֆորմատներում», - ասել է Կ. Զատուլինը։