Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն: Այս մասին այսօր Լազարյան ակումբի նիստին իր ելույթում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը:
Լազարյան ակումբի առաջին նիստի նշանավոր օրը բոլորին ողջունելով՝ նախկին նախագահը հույս է հայտնել, որ այս բանավիճային հարթակը՝ ռուսաստանաբնակ հայ բարերարների ընտանիքի անունով, կդառնա ոչ միայն բարի ընկերների հանդիպման վայր, այլև նոր գաղափարների և արդյունավետ նախագծերի ստեղծման միջավայր, որոնք ուղղված կլինեն հայ-ռուսական հարաբերությունների և բարեկամության ամրապնդմանը:
Քոչարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Զատուլինին ակումբի ստեղծման ջանքերի համար և ուրախություն է հայտնել այն առիթով, որ ակումբի անդամներ են դարձել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հայտնի մարդիկ:
Քոչարյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն:
Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, ցանկացած բարեկամություն ջանքեր է պահանջում, մեր էներգիայի, ժամանակի ու էմոցիաների կարիքն ունի:
«Բարեկամությունն, իհարկե, նաև իներցիա ունի: Բայց միայն իներցիայով չի կարող զարգանալ: Հիշեք, թե կյանքում մենք բոլորս որքան բարեկամների ենք կորցրել միայն այն պատճառով, որ բավականաչափ ջանքեր չենք ներդրել, որպեսզի նրանց պահպանենք: Բարեկամությունը դադարում է, երբ բարեկամերի անկեղծության և մտադրությունների վերաբերյալ կասկածներ են հայտնվում, եւ երբ կողմերից մեկը ձգտում է ավելին ստանալ, քան պատրաստ է տալ: Դժվար եւ սխալ է բարեկամություն անել հավերժորեն խնդրողի, պնդերեսի եւ նվնվացողի հետ: Նման հարաբերություններն անխուսափելիորեն վերափոխվում են վասալայինի կամ զայրացնողի: Սա արդարացի է ոչ միայն անձնական, այլեւ միջպետական հարաբերություններում: Հենց այստեղ՝ միջպետական հարաբերություններում մենք պետք է հասկանալի, կանխատեսելի, հուսալի և միմյանց անհրաժեշտ գործընկերներ լինենք: Երկրների միջև բարեկամական հարաբերությունները պարզապես շահերի համընկնում չեն: Սա պետական շահերի և մեր հասարակությունների փոխհարաբերություններում մարդկային գործոնի խորը ներթափանցման սինթեզ է: Ես չեմ կարող նման ուժեղ համադրությամբ և այս գործոնների հաստատմամբ այլ երկրների օրինակ գտնել, ինչպես Ռուսաստանի հետ Հայաստանի: Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք և պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք դրանց պահպանման և զարգացման համար:
Ես շատ կցանկանայի, որ ակումբն այս գործունեության առանցքային տարրերից մեկը դառնար», - ասել է Քոչարյանը, հավելելով, որ, պատրաստ է հաջորդ հանդիպումներին ավելի մեծ ծավալով մասնակցել:
Իր ելույթի ավարտին Քոչարյանը Զատուլինին նվիրեց իր գրքի առաջին օրինակներից մեկը: