Աշխարհահռչակ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նիկոլյան «ՌուսԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է հիմնադրամի գործունեության և Երևանում Ազնավուրի անվան կենտրոնի ստեղծման ծրագրերի մասին:
Նիկոլյա Ազնավուրի խոսքով՝ 2017-ին ստեղծված հիմնադրամը կշարունակի իրագործել բոլոր հիմնական նախագծերը, որոնք շանսոնյեի նախաձեռնությամբ իրականացվում էին 1988-ի երկրաշարժից հետո: Դրանց թվում են սոցիալական նշանակություն ունեցող նախագծերը Գյումրիում, կրթական ծրագրերը և մշակութալուսավորչական նախաձեռնությունները: Գլխավոր նախագիծը լինելու է Ազնավուրի կենտրոնի ստեղծումը Երևանի «Կասկադ» համալիրի գագաթին:
«Հայրս դեմ էր թանգարանի գաղափարին և ցանկանում էր կենդանի մի վայր ստեղծել, որտեղ բոլորն աշխատանքով կզբաղված կլինեն», - ընդգծել է Նիկոլյան:
Նրա խոսքով՝ Ազնավուրի կենտրոնում թանգարանային հատվածը նվիրված կլինի արտիստի կյանքին և մշակութային ժառանգությանը: Ընտանիքը կենտրոնին կնվիրի մաեստրոյի դաշնամուրը, նրա ձայնագրությունները և անձնական իրերը:
Կենտրոնի տարածքում կստեղծվի իր տեսակի մեջ առաջին ֆրանսիական ինստիտուտը տարածաշրջանում, որը կունենա մեդիադարան, ցուցասրահ, կինոսրահ և հանգստյան գոտի: