Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։
Ձեզ ենք ներկայացնում «Լուսավոր Հայաստան» կուսացությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Տարոն Սիմոյանի բացառիկ հարցազրույցը:
- Պարո´ն Սիմոնյան, ըստ Ձեր քաղաքական ուժի` Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:
- Հայաստանի անվտանգության բարձրացման համար միակողմանի քայլեր չեն պետք, պետք է իրականացնել բազմակողմանի քայլեր` անվտանգության մի քանի համակարգերի հետ սերտ հարաբերությունները զարգացնելով: Նախ և առաջ, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դերն ու նշանակությունը պետք է զգալիորեն աճի, որովհետև ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական և, ինչու չէ, նաև մարտավարական խնդիրներ լուծող ամենաառաջնային կառույցն է, բայց միևնույն ժամանակ պետք է հարաբերությունները կարողանանք սերտացնել արևմտյան մեր գործընկերների հետ, ինչպես նաև այլ պետական միավորների հետ` ինչպես օրինակ Չինաստանի, Իրանի և այլն: Միայն նման բազմաֆունկցիոնալ հարաբերությունների զարգացման պարագայում հնարավոր կլինի Հայաստանի համար ապահովել անվտանգության կոմպլեքս համակարգ:
- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) երկկողմ հարաբերությունների զարգացումը:
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ծրագրային հիմնադրույթներում միշտ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և Հայաստանի` ուժային կենտրոնների հետ հարաբերությունները պետք է լինեն հավասարակշռված: Թե´ Մոսկվայի, թե´ Բրյուսելի, թե´ Վաշինգտոնի, թե´ Պեկինի հետ հարաբերություններում պետք է գործենք բացառապես ազգային շահով և այս բոլոր ուժային կենտրոնների հետ համագործակցությունը կառուցենք ոչ թե ի վնաս մեկը մյուսի, այլ` ի շահ հայկական ազգային շահի:
- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ:
- Ե´վ Վրաստանի, և´ Իրանի հետ հարաբերությունները պետք է դինամիկ զարգանան, որովհետև այս երկու պետություններն էլ բավականին լուրջ ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և´ անվտանգության, և´ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման տեսանկյունից, ուստի բոլոր բնագավառներում Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները պետք է համակողմանիորեն զարգանան: Միանշանակ չպետք է կանգ առնել ոչ մի ոլորտի առջև, բոլոր ոլորտներում` սկսած տնտեսականից, անվտանգության համակարգերից վերջացրած քաղաքացիական հասարակությունով, այս երկու պետությունների հետ համագործակցությունը պետք է Հայաստանի համար առաջնային լինի:
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, և այդ ուղղությամբ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն:
- Ոչինչ չեմ բացառում, և միանշանակ պետք է այդ հարաբերությունները զարգանան, քանի որ երկու հարևան պետությունները հավերժ չեն կարող փակ սահմաններով մնալ: Ինչ վերաբերում, թե ինչ քայլեր պետք է կողմերը ձեռնարկեն, հայկական կողմն, ըստ էության, իրենից կախված գրեթե ամեն ինչ արել է այդ հարաբերությունների զարգացման համար, սահմանը հայկական կողմը չէ, որ փակել է, այլ` թուրքական կողմն է փակել: Դա նշանակում է, որ գնդակը թուրքական կողմի խաղադաշտում է, իսկ Հայաստանը պետք է օգտագործի միջազգային կառույցներում իր բոլոր հնարավոր լծակները, որպեսզի ազդի Թուրքիայի Հանրապետության վրա սահմանները բացելու հարցում: Իսկ Թուրքիայի Հանրապետությունը սահմանների բացումը հիմնականում պայմանավորում է Ադրբեջանի քաղաքական դիրքորոշմամբ, որը հայկական կողմի համար բացարձակ անընդունելի է, քանի որ այստեղ երկկողմանի հարաբերությունների մասին է խոսքը և ոչ թե` երրորդ կողմի հետ հարաբերությունների: