Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերել է Հայոց ցեղասպանության թեմային, փոխանցում է Ermenihaber-ը:
«Ցեղասպանության հարցը եկեք թողնենք պատմաբաններին: Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել: Մենք պատրաստ ենք ամեն տեսակ քննարկումների»:
Անդրադառնալով Թուրքիայում բնակություն հաստատած հայերին, Թուրքիայի նախագահն ասել է.
«Այս պահին Թուրքիայում ապրում է շուրջ 100.000 հայ։ Սրանցից միայն 30 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, մնացածը Հայաստանից արտագաղթած ու մեր երկրում հաստատված ապօրինի միգրանտներ են։ Բայց մենք նրանց չասացինք, թե դուք Թուրքիայի քաղաքացիներ չեք և ձեզ վտարում ենք մեր երկրից։ Մենք մարդկայնորեն վարվեցինք նրանց հետ և այդպես էլ շարունակում ենք։ Նրանք մինչև հիմա շարունակում են ապրել մեր երկրում»։
Հիշեցնենք, որ Էրդողանի՝ Արգենտինա կատարած այցից առաջ, արգենտինահայերը բողոքի ակցիա էին կազմակերպել։