Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ հիմա վերջնագրերի ժամանակ չէ: Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով ընդդիմության ներկայացրած վերջնագրի վերաբերյալ լրագրողների հարցին, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Դեռևս վերջնագրերի ժամանակը չէ: Նախևառաջ դեմոկրատիան պահանջում է, որ ճանաչվի ընտրված նախագահը, և մենք անցնենք նոր ռեժիմի, հանգստացնենք քաղաքական միջավայրը, թուլացնենք դիմակայությունը: Թե ինչպիսին կլինի այդ ռեժիմը, մենք կորոշենք ավելի ուշ, և ես աշխատելու եմ այդ ուղղությամբ, ես ինքս ինձ խոսք եմ տվել»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նշենք, որ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 2-ին Ռուսթավելի պողոտայում կայացած բողոքի հանրահավաքում իշխանություններից պահանջել է մինչև դեկտեմբերի 16-ը ստեղծել բողոքողների պահանջների կատարման աշխատանքային խումբ: Ըստ Վաշաձեի, միացյալ ընդդիմության հաջորդ քայլերը կախված կլինեն կառավարության արձագանքից: