Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները ժամանակի սղության պատճառով չեն կարողացել պատասխանել մեր այս հարցերին:
Ձեզ ենք ներկայացնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանի բացառիկ հարցազրույցը:
- Տիկին Կյուրեղյան, որո՞նք են ՀՅԴ արտաքին քաղաքական հիմնական գերակայությունները:
- Արտաքին քաղաքական հարցերում Հայաստանը պիտի առաջնորդվի բացառապես ազգային շահով՝ իր առջև ունենալով պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականը: Մեզ համար արտաքին քաղաքական հիմնական խնդիրներն այսօր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է, Հայ Դատի հետապնդումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Հայաստանի վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից շատ կարևոր է ուժային կենտրոնների հետ բալանսավորված քաղաքականությունն ու հարևան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի ու Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը:
- Ինչպիսի՞ն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր տեսլականը, որո՞նք են առաջնահերթ քայլերը:
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը շատ հստակ է. Արցախի հարցը հայկական հարցի անբաժանելի մասն է, և ի վերջո Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ:
- Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:
- Հայաստանի Հանրապետությունը պիտի վարի բալանսավորված արտաքին քաղաքականություն՝ ի շահ Հայաստանի ու հայության: Լինելով ԵԱՏՄ անդամ՝ պիտի շարունակենք համագործակցությունը Եվրոպական միության և եվրոպական մյուս կառույցների ու կազմակերպությունների հետ:
- Որո՞նք պետք է լինեն ՀՀ-Սփյուռք օրակարգի առաջնահերթությունները:
Սփյուռքը մեզ համար ունի առանցքային դեր ու նշանակություն: Հայ Հեղափոխական Դաշնակցության համար Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության նպատակների իրականացման երաշխավորն է: Մեզ համար կարևորը Սփյուռքի ազգային ինքնության ամրապնդումն է ու հայոց պետականության գործընթացներում սփյուռքահայությանը լիարժեք ներգրավելը: